Առաջին աշխարհամարտը հանգեցրեց բեկվածքի: Եթե մեզ բերեց ցեղասպանություն, հայրենազրկում, բնականոն զարգացման ընդհատում, ապա աշխարհի շատ երկրների` եթե ոչ բարոյականության կորուստ, ապա առնվազն` բարոյական նորմերի վերանայում: Աշխարհը ղեկավարում էին ոչ միայն իշխանությունները, այլև հասարակությունները, հանրային կարծիքը: Պատերազմը երկրորդին դուրս նետեց ծիրից, իսկ առաջինի միահեծան կառավարումը հանգեցրեց անվերջանալի առճակատումների` հիմնված սեփական շահի և ընչաքաղցության վրա:
Բայց բեկվածքից առաջ դեռևս խիղճը, կարեկցանքը, բարոյականությունը չկորցրած Ռուսաստանի, Ֆրանսիայի, Անգլիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի հասարակությունները մեր ժողովրդի համար ծանրագույն ժամանակներում համերաշխություն դրսևորեցին և անշահախնդիր օգնության ձեռք մեկնեցին:
Այս հրապարակմամբ ես մտադիր եմ երախտիք հայտնել իսկական ամերիկացիներին: Նրանց, ում մոռացել են անգամ Միացյալ Նահանգներում:
ՄԱՔՔԱԼՈՒՄ, ՔՐԻՍԻ
1915 թ. Նյու Յորքում հիմնվեց պատերազմից տուժած հայերին և ասորիներին օգնող ընկերություն (ճշգրիտ անվանումը պարզել չհաջողվեց, քանզի անգլալեզու աղբյուրներում որոնումներս ապարդյուն եղան): Նախագահն էր Բարդոնը, գանձապահը` մեծահարուստ Քուինը, քարտուղարը` Դատոնը, իսկ Ռոկֆելերը խոստացավ այնքան գումար տրամադրել, որքան կժողովեր ընկերությունը:
1916 թ. հունվարի սկզբին ընկերության ներկայացուցիչներ Ռիչարդ Իդիլին, Ջորջ Գրասեոն, վերապատվելի Ֆրեդերիկ ՄաքՔալումը ժամանեցին Թիֆլիս և հունվարի 6-ին հանդիպեցին Կովկասի հայոց բարեգործական ընկերության (ԿՀԲԸ) և դրան կից փախստականների գործերով զբաղվող Հայկական կենտրոնական կոմիտեի նախագահ Սամսոն Հարությունյանի հետ: (Մի մարդու, ով արևելահայության համար գրեթե նույնն էր, ինչ Պողոս Նուբարը արևմտահայության համար, բայց նրան այսօր ո՞վ է հիշում): Որոշվեց սկզբում օգնություն տրամադրել Նոր Բայազեդի, Ղարաքիլիսայի, Ղազախի գավառներին ու շրջակա գյուղերին, ուր հաշվվում էին 20 հազար փախստականներ: Այդ օգնությունը` անկողին, տաք հագուստ, սպիտակեղեն, ոտնաման, թեյ, շաքար, նավթ, օճառ և դեղորայք, պիտի բաժանեին իրենք` ամերիկացիները, իսկ նախահաշիվը կազմեց 300 հազար ռուբլի:
ՄաքՔալումը «մեր» մարդն էր: Երկար տարիներ գործել էր Արևմտյան Հայաստանում, կատարելապես տիրապետում էր հայերենին և նույնիսկ որոշ ժամանակ եղել էր Կ. Պոլսի «Աւետաբեր» թերթի խմբագիրը, քաջածանոթ էր հայ ժողովրդի պատմությանն ու գրականությանը, հեղինակ էր հայերեն, թուրքերեն ու եվրոպական լեզուներով մի շարք հրապարակումների:
ՄաքՔալումը Թիֆլիսից մեկնեց Վան, ուր բժիշկ Քրիսիի հետ և հայ լիազորների աջակցությամբ գարնանը` մեկ ամսվա ընթացքում, շրջակա գյուղերում բաժանեց 400 եզ, 100 կով, 50 գոմեշ, 4000 փութ ցորեն ու գարի, մեծ քանակությամբ գետնախնձոր ու եգիպտացորեն, զանազան սերմացուներ, գյուղգործիքներ` խոփ, բահ, մանգաղ և այլն:
ՄաքՔալումն ու Քրիսին Վանի «ամերիկյան» հատվածը ցանկապատեցին, կեղտից ու ցեխից մաքրել տվեցին փողոցները, կարգի բերեցին, որպեսզի տարափոխիկ հիվանդություններ չառաջանան, անցկացրին առուներ, ջրանցքներ, այդ ամենով հանդերձ աշխատանք տրամադրելով չքավոր ու գործազուրկ գյուղացիներին:
Վերապատվելին ասում էր.
-Մենք մշակել ենք տալիս Արտամետի ու Գուստանի անտեր մնացած այգիները: Հարկ է ջրել, քաղհանել, առուները նորոգել ու հսկել, որ չչորանան: Որ չանհետանան, ինչպես իրենց տերերը…
Առհասարակ ուշագրավ էին հայ գյուղացու վերաբերյալ նրա դիտարկումները.
-Հայ գյուղացուն տվեք գործիք, լծկան, սերմացու և դուք ոչ միայն ազատ կլինեք նրան կերակրելու հոգսից, այլև նա ինքը ձեզ կկերակրի: Այսքան դժոխային աղետներից հետո, կոտորածի արնոտ աղջամուղջը դեռ չանցած` նայեք հայ գյուղացուն, թե ինչպիսի աշխույժով է կրկին բահ ու բրիչ վերցնում: Զարմանալի՜ տոկուն ժողովուրդ…
Իսկ իր սերը արտահայտում էր հետևյալ կերպ.
-Արդյոք եղե՞լ եք Վանում` Հայաստանի այդ գեղածիծաղ չքնաղ այգում, շնչե՞լ եք նրա անբիծ ու կուսական օդը, տեսե՞լ եք նրա երկնի անհուն ու պայծառ փիրուզե կապույտը, որ առկայծում է ալմաստի ու շողակնի պես… Զարմանում եմ, որ հայ հարուստները այդքան անտարբեր են: Եթե նրանցից ամեն մեկն իր ունեցածի տասը տոկոսը տար, կարելի էր Հայաստանը գեղաբողբոջ Շվեյցարիա դարձնել:
Բժիշկ ՈՒիլյամ Հարթվիլ Քրիսին` թարգմանչուհի Թագուհի Գյուրջյանի ուղեկցությամբ, Վանից անցավ Ալաշկերտ և վեց շաբաթ բուժեց որբերին: Բացի այդ, ընդունեց, զննեց, բուժում նշանակեց և դեղորայք բաժանեց 380 հիվանդի:
Իր տեսածից ու լսածից խորապես ցնցված ամերիկացին հոգեկան այնպիսի ապրումներ ունեցավ, որ հարցին, թե ինչ կարծիքի է տաճկահայերի մասին, պատասխանեց.
-Իմ հայացքները տաճկահայերի մասին մամուլի համար չեն…
Բայց հայ մամուլը չլռեց ու գրեց. «Հետևելով իւր խղճի ձայնին, նա ձգել է իր հայրենի պճնազարդ Նիւ Եօրքը և եկել աւերած Ալաշկերտ, կանգնել է մեր տառապեալների կողքին, ոչ սակաւ տառապելով ընդհանուրի ցաւով:
Այդ տեսակէտից բժիշկ Քրիսին պատկանում է մարդկութեան այն ընտրեալ դասակարգին, որ չի կարող անտարբեր մնալ դէպի մարդկային ցաւերը:
Նրա կատարած գործը այնքան մարդասիրական և անշահախնդիր է, որին հայ ժողովուրդը չի կարող երախտահատոյց լինել որևէ կերպով, եթէ ոչ ակնածութեամբ իւր գլուխը խոնարհելով:
Հայ ժողովրդի տառապանքի ձայնն էր, որ քաշեց բերաւ այդ յարգելի գործչին ազատ Ամերիկայից դէպի Փոքր Ասիոյ այս դաժան միջավայրը, ուր քաղաքակրթութիւնն ու արդարութիւնը զոհ են բերուած վայրենութեան աստծուն:
Պատիւ այդպիսի հազուագիւտ և անձնուէր մարդասերներին, որոնք ոչ միայն իրենց, այլև իրենց հայրենիքին են պատիւ բերում»:
Բժիշկ ՈՒիլսոնի մասին շատ քիչ տեղեկություններ կան: Հայտնի է, որ դեռևս 1915 թ. դեկտեմբերի 9-ին մեկ այլ ամերիկացու` Հիլի հետ ներկայացել է Կովկասի փոխարքային ու մեկնել Վան: Այնտեղից անցել է Ատրպատական` բուժօգնություն ցույց տալով փախստականներին: Բայց վեց ամիս անց ծերունազարդ բժիշկը այնտեղ էլ կնքել է մահկանացուն:
ՈՒշագրավ է, որ հունիսի 28-ին Թիֆլիսում հոգեհանգստյան արարողություն է կատարվել ի հիշատակ ՈՒիլսոնի: Ներկա են եղել Թիֆլիսի և Ատրպատականի հայոց թեմերի առաջնորդները, գեներալներ Թամամշյանն ու Շահ-Պարոնյանը, ամերիկյան հյուպատոս Սմիթը, վերապատվելի ՄաքՔալումը, հայ մտավորականներ, թերթերի, ընկերությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ատրպատականի թեմի առաջնորդը կարդացել է դամբանական, որով գովաբանել է ամերիկացիների և մասնավորապես բժիշկ ՈՒիլսոնի բազմամյա արդյունավետ գործունեությունը:
Հայերս այն` ազգակործան աղետի ժամանակ անգամ կարողանում էինք երախտահատույց լինել:
ԵՐԿՈՒ ՔՈՒՅՐ
Ամերիկյան միսիոներական շարժումն Արևմտյան Հայաստանում ունի երկարամյա պատմություն, բայց կառանձնացնեմ ընդամենը մեկ դրվագ:
Բիթլիսում (Բաղեշ) առաջին միսիոներները Ջորջ և Ալզինա Նափ ամուսիններն էին, որոնք այստեղ ոտք դրեցին 1858 թ. և ստիպված հեռացան 1895-ին` համիդյան ջարդերի պատճառով: Նրանց հաջորդեցին Լիսանդր և Սարա Բրբանքները (1860-1870), Ռոյալ ու Լիզի Քոլերները (1884-1907), Նափ ամուսինների որդի Ջորջ-կրտսերը, որ ծնվել էր Բիթլիսում, և նրա կին Աննան (1890-1915), նույն ամուսինների դուստր Գրեյսը, որը Բիթլիսից հետո ուսուցչություն արեց Վանում և Էրզրումում, Հերբերտ ու Դորա Անդերվուդները (1902-1904), Հարիսոն ու Մերի Մայնարդները (1908-0915), Մերի Յուլայնը (1912-1915), Մորթալ Շեյնը (1913-1915):
Սակայն կխոսեմ երկու քույրերի մասին, որոնց հայանպաստ գործունեությունը հատկապես հուզիչ է ու գնահատանքի արժանի:
Շարլոթ և Մերի Էլի քույրերը 1861-ին ավարտեցին Մասաչուսեթսի նահանգի «Մաունթ Հոլյոք» իգական վարժարանը: Ջորջ Նափ-ավագի ու նրա կին Ալզինայի հորդորով նրանք 1868 թ. ժամանեցին Բիթլիս ու մինչ ի մահ նվիրաբերվեցին հայությանը: Նրանց առաքելությունը հայ աղջիկներին կրթելը, ուսում տալն էր:
Բնականաբար, սկսեցին դպրոցական շենք կառուցելով, և 1873-ին վեր խոյացավ Բիթլիսի «Մաունթ Հոլյոք» իգական վարժարանի երկհարկանի շենքը: Բայց քույրերը բախվեցին անսպասելի խոչընդոտի` բիթլիսցիների նահապետական նիստուկացին: Ի մասնավորի, աղջիկներն իրավունք չունեին առանց տղամարդու ուղեկցության տնից դուրս գալ, ուսումնառությանը դեմ էին հայրերն ու եղբայրները, բացի այդ օրիորդներին ամուսնացնում էին մանկահասակ տարիքում:
Այդուհանդերձ, Էլի քույրերի վարժարանը 1876 թ. տվեց առաջին շրջանավարտները` չորս հոգու, իսկ 1914 թ. նրանց ընդհանուր թիվը հասավ 250-ի: Անշուշտ, թվաքանակը շատ ավելին կարող էր լինել, բայց պատճառը վերոհիշյալ խոչընդոտներն էին, բացի այդ, վարժարանն ընդհատումներ ունեցավ 1895 թ. համիդյան ջարդերի և 1907-ի կորստաբեր երկրաշարժի պատճառով:
Կրտսերը` Մերին, 1912 թ. տեղափոխվեց Բեյրութ` տեղի հիվանդանոցներից մեկում աշխատելու, և մեկ տարի անց վախճանվեց 62 տարեկան հասակում: Իսկ Շարլոթը մնաց Բիթլիսում, ականատես եղավ թուրքական գազանություններին և 1915 թ. մահացավ 66 տարեկանում, ճակատագրի հեգնանքով ճիշտ այն օրը, երբ 47 տարի առաջ ԱՄՆ-ում ոտք էր դրել շոգենավ` Բիթլիս ժամանելու:
Հայկական թերթերից մեկը գրեց. «Քաջալերիչ յոյսերով երկու իշխանազուն քոյրեր` պալատական գահաւորակներից հրաժարելով, խրոխտ ու ինքնավստահ եկան սարսափելի կացութեան բարոյական յեղաշրջում անելու:
Մայր էին ամեն պատահող զրկեալին: Իրենց փայփայանքները սպեղանի էին վիշտ ու խոցերի, լուանում էին ոջլոտած գլուխները իրենց որբ սանիկների ու պատահող կարօտեալի:
Վերջին կոտորածին Բաղէշի ջարդը աշխարհի ամենաահաւոր դրամաներից մէկն է եղած: Ամբողջ հայ ազգաբնակութիւնը յօշոտելուց յետոյ արիւնարբու դահիճները յարձակւում են Ամերիկեան դպրոցի վրայ և միս Էլիի նախապէս դիմումներին ու հոգեհոյզ թախանձանքներին հակառակ կատարում են իրենց ոճրագործութիւնը անմեղները կոտորելով և ամեն ինչ քարուքանդ անելով:
Եւ զրկեալներին օգնող այդ քնքոյշ օտարուհին չը կարողանալով դիմանալ թիւրքական գազանութեանց ու սարսափների տարողութեանը` մեռաւ հայ որբիկների և այնքան փայփայած երազների սէրը սրտում վառ պահած…»:
ՏԱՐՕՐԻՆԱԿ ԱՆՕՐԻՆԱԿԸ
1904-1927 թթ. Նյու Յորքում հրատարակվել է The New Armenia («Նոր Հայաստան») հանդեսը, որի գործունեությունն ու ներդրումը հայ-ամերիկյան հարաբերություններում առայսօր կարոտ է ուսումնասիրման:
1916 թ. վերջին պարբերականը պատմեց մի անօրինակ, մարդասեր, մի խոսքով` իսկական ամերիկացու վարմունքի մասին:
Նյու Յորքի հանրահայտ 5-րդ ավենյուի թ. 70 հասցեում գտնվում էր մի փոքրիկ առանձնատուն` հայությանն աջակցող Ամերիկյան նպաստամատույց կոմիտեի գրասենյակը:
Մի օր այստեղ ներս է մտնում լավ հագնված, բայց համեստ արտաքինով մի պարոն և ցանկանում է հանդիպել կոմիտեի քարտուղարի հետ: Հիշատակում է նահանգը, որտեղ ապրում էր, բայց չի հայտնում անունը: Ապա բացատրում է, որ թերթերում կարդացել է Թուրքիայում հայերի օրհասական վիճակի մասին, գիտե, որ փողի կարիք կա և ավելացնում.
-Ես կարող եմ 5000 դոլար նվիրաբերել, բայց կուզենայի որոշ տեղեկություններ ստանալ հայ ժողովրդի վերաբերյալ:
Դա այնպիսի խոշոր գումար էր, որ նրան անմիջապես ընդառաջ է գալիս կոմիտեի քարտուղար ՈՒոլթեր Մելորին (Walter Mallory) և հակիրճ ներկայացնում Հայաստանի ծանր վիճակը, պատմում տեղահանության ողբալի տեսարանների մասին, նշում, որ Ռուսաստանում, Թուրքիայում ու Պարսկաստանում շուրջ մեկ միլիոն հայ փախստականներ կան, հիմնականում` կանայք ու երեխաներ, որոնք սննդի ու հագուստի խիստ կարիք ունեն:
Ապա Մելորին հիշատակում է հայանպաստ կոմիտեին արված նվիրատվությունները, ի մասնավորի` որ մի ավագերեց իր կնոջ հետ ամսական ստանում է 80 դոլար և արդեն վեց ամիս դրա կեսը հատկացնում է կոմիտեին:
-Օ քե՜յ,- արձագանքում է այցելուն,- եթե նրանք այդպիսի զոհողություն են անում, ապա ինձ թվում է, թե կարող եմ 10000 դոլար տալ:
Գանձապահի սենյակ գնալիս, Մելորին մի դրվագ էլ է պատմում, թե` մի ծեր կին, որ փող չունի, բայց ուզում է օգնած լինել, որոշել է իր տան կահույքից մի կտոր նվիրել: Ապա քարտուղարը գրպանից հանում է մի նամակ և կարդում: Գրել էր մի կին, որն ուներ փոքրահասակ աղջիկ, այդ աղջնակը փողոց էր մաքրել, վաստակել 2 սենթ ու խնդրել մեկը տալ հայ որբուկներին, մյուսը` բելգիացի երեխաներին:
-Օ քե՜յ,- ասում է հյուրը,- եթե մարդիկ իրենց կարասիքն են տալիս, ուրեմն ամեն ոք պիտի օգնի փրկելու այդ քրիստոնյա ժողովրդին:
Անհայտ մարդը չեկը ստորագրում է, տալիս ու հեռանում: Քարտուղարն ու գանձապահը չեկի վրա տեսնում են… 18000 դոլար:
Այդ գումարը հավասար էր 55000 ռուբլու: Ասեմ, որ Կովկասում ամեն փախստականի օրական հատկացվում էր 600 գ ալյուր և 3-7 կոպեկ օրապահիկ:
Ինչո՞ւ գրեցի այս ամենը: Որովհետև համոզված եմ` երախտագիտությունն է բարության, բարեկամության դները բացում:
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ